Ֆրանսիան պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը

ՀՀ վարչապետը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ֆրանսիան պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական: Այս մասին հայտարարել է  Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Նոր կառավարությունը չի ծրագրում արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություն. Փաշինյան

Ֆրանսիայի Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով և հույս է հայտնել, որ Հայաստան կատարելիք այցի ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել հայ-ֆրանսիական կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցերն ու նախագծերը:

Էմանուել Մակրոնը նաև շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել մեր երկրում ծավալված իրադարձությունների խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով հանգուցալուծումը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաստական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու նաև տնտեսական բաղադրիչին։

Նա շեշտել է, որ նախատեսվում է անցկացնել ֆրանկոֆոն երկրների գործարարների և գործատուների բիզնես ֆորում և այդ ֆորումի արդյունքում ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց:

Վարչապետը նաև ներկայացրել է, որ այժմ Հայաստանում գործարարության համար ստեղծված են հավասար պայմաններ և համոզմունք է հայտնել, որ նոր պայմաններում նոր խթան կստանան նաև հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները:

Թեհրանի «ձեռքերն» ու Հայաստանի «աչքերը». ինչո՞ւ է Բաքուն խնդիրների պոչն ուրիշ տեղ փնտրում

Զրուցակիցներն անդրադարձել են նաև արցախյան հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների, այդ թվում Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին և հավելել, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ: