Նախկին «օրենքով գող» Երևանցի Բջեն դատարանի որոշմամբ կմնա բանտում

«Ես երբեք չեմ եղել կազմակերպված հանցավորություն», – ասել է Երևանցի Բջեն և մնացել է քննչական մեկուսարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Նախկին օրենքով գող Վարդան Ասատրյանը` նույն ինքը Երևանցի Բջեն, Մոսկվայի Պրեսնենյան դատարանի որոշմամբ կալանքի տակ կանցկացնի ևս մեկ ամիս` մինչև 2018թ–ի օգոստոսի 7–ը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Sputnik Արմենիան տեղեկացրել է, որ դեռ ապրիլին Երևանցի Բջեին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով խոշոր չափի թմրանյութեր պահելու համար, նրա մոտ գտել են 15 գրամ հերոին։ Ավելի ուշ դատարանը որոշում է ընդունել կալանքը երկարացնելու մասին, սակայն նախկին օրենքով գողի փաստաբանը բողոքարկել է այն։ Այսօր դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունը։

Երկու հայ «օրենքով գող» դուրս են եկել ռուսական բանտից

Ասատրյանի փաստաբանները նրա ձերբակալությունը համարում են ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ մայրաքաղաքը «մաքրելու» փորձ։ Պաշտպանության վարկածով` Ասատրյանը դուրս է եկել տանից, գնացել է զբոսնելու, բայց իրավապահ ուժերը ձերբակալել են նրան և գուլպայի մեջ դրել 15 գրամ հերոին։

«Դատավորը պատրաստ էր նրան ազատ արձակել, մինչև քննիչը տեղեկանք չբերեց այն մասին, որ Ասատրյանը կազմակերպված հանցավոր խմբավորման անդամ է, «օրենքով գող», բայց դա օպերաշխատողի կարծիքն է` ոչնչով չապացուցված», – մեջբերում է ՌԻԱ Նովոստին Երևանցի Բջեի փաստաբան Սվետլանա Զավոդցովային։

Գործի նյութի համաձայն` Երևանցի Բջեն տառապում է անձի օրգանական խանգարմամբ, որի պատճառը խառը հիվանդություններն են, այդ թվում` ալկոհոլիզմով բարդացած ժառանգական հիվանդությունները և շեղված վարքը` պայմանավորված գանգուղեղային վնասվածքներով։

Երևանցի Բջեն դատարանի դահլիճում այսպես է արձագանքել այդ եզրակացություններին.

«Ես ոչինչ չեմ հասկանում։ Ով ինչ ուզում է, դա էլ գրում է. մեկ կազմակերպված հանցագործ, մեկ սա…»։

Բացի այդ, մեղադրյալը հայտարարել է, որ նա ՌԴ քաղաքացի է, երեք դուստր ունի, Ռուսաստանում բնակվում է 30 տարի և «երբեք չի եղել կազմակերպված հանցավորություն»։

Հավելենք, որ Երևանցի Բջեն հիմա իսկապես «օրենքով գող» չէ։ Նա նախկինում եղել է «օրենքով գող», բայց «ապտակ» է ստացել գողական աշխարհի պատրիարք Դեդ Հասանից և զրկվել այդ տիտղոսից երեխաներ առևանգելու համար։ Վարդան Ասատրյանի վերելքների ու վայրէջքների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այստեղ։