ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։ Նա ևս մեկ անգամ շեշտեց «Եղիցի լույս» մրցանակի կարևորությունը, որը շնորհվում է արվեստում հոգևոր ներդրում ունեցած գործիչներին։
Տանտիրոջ կարգավիճակով ելույթ ունեցավ նաև Փարաջանովի տուն–թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
Թանգարանի անունից նա նույնպես նվեր էր պատրաստել Արմեն Մեդվեդևին. դա «Изоляция» գիրքն էր, որն, ըստ էության, Փարաջանովի բանտում անցկացրած տարիների ելույթների ու նամակների հավաքածուն է։ Գրքում հրապարակված նյութերի մեծ մասը միայն վերջերս են գաղտնազերծվել։
Վեհափառ Հայրապետի անունից մրցանակն Արմեն Մեդվեդևին փոխանցեց Տեր Գևորգ քահանան։
Արմեն Մեդվեդևը, մշակույթի վաստակ ունեցող գործչին հատուկ համեստությամբ, շեշտեց թե ինչ մեծ պատիվ է իր համար այս մրցանակին արժանանալը, երբ գիտի, թե էլ ովքեր են նախկինում այդ մրցանակին արժանացել։
«Իմ համար կրկնակի պատիվ է ստանալ այս մրցանակը Սերգեյ Փարաջանովի տանը։ Ես բախտ և մեծ պատիվ եմ ունեցել իմ ապրած երկար կյանքի ընթացքում ծանոթ լինել հայ կինոյի բոլոր դասականների հետ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, զգացված եմ և փառավորված», – իր շնորհակալական խոսքում ասաց ճանաչված արվեստաբանը։