Նոր կառավարությունը չի ծրագրում արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություն. Փաշինյան

Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա: Խոսելով ԼՂ հակամարտությունից` Բրյուսելում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է «Կարնեգի»  հետազոտական կենտրոնի փորձագետներին և ներկայացրել Հայաստանի զարգացման իր տեսլականը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նախ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխությանն ու ընթացող փոփոխություններին, ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը:  «Տեղի ունեցած հեղափոխության մեջ գոյություն չունի աշխարհաքաղաքական համատեքստ, և նոր կառավարությունը չի ծրագրում որևէ արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններ կամ կտրուկ շրջադարձեր»,- նշել է վարչապետը:

Հայաստանը մի կողմի հետ հարաբերությունները խորացնում է ոչ ի հաշիվ մյուսի. Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ պայքարն օրակարգային առաջնահերթություն է և հավելել, որ արդեն իսկ բացահայվել են կոռուպցիայի մի շարք խոշոր դեպքեր: «Այսօր նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցած անձինք զգում են արդարադատության ողջ խստությունը: Բոլոր գործերի քննությունները կիրականացվեն խստորեն՝ համաձայն օրենքի: Մեկ այլ կարևոր հանձնառություն է՝ կազմակերպել իսկապես ազատ և արդար ընտրություններ: Հիմա Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը կշիռ ունի»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ վերոհիշյալ միջոցառումները կստեղծեն բարենպաստ միջավայր տնտեսական զարգացման համար, որը կառավարությունը համարում է ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսության յուրաքանչյուր բնագավառում կառավարությունը կստեղծի հավասար պայմաններ բիզնեսի մրցունակ գործունեության համար: Նա նկատել է, որ գործնականում Հայաստանի տնտեսության առավել մրցունակ ոլորտները՝ ՏՏ-ն, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունն արագորեն աճում են: «Մենք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ենք, որը մեր տնտեսական զարգացման համար հսկայական հնարավորություններ է բացել: Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Բաբլոյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Անդրադառնալով Հայաստանի եվրոպական օրակարգին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի համար եղել է կարևոր գործընկեր համապարփակ ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների իրականացման գործում։

Խոսելով ԼՂ  հակամարտության մասին՝ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ լուծմանը` հիմնված խնդրի կարգավորման գործում միջազգային մանդատ ունեցող միակ բանակցային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող սկզբունքների ու մոտեցումների վրա: «Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: