Ադրբեջանական արտանետումներ. ինչո՞ւ է Բաքուն տարածում մեկօրյա ֆեյքեր

Չնայած իր կարճ կյանքին` կեղծ հաղորդագրությունները հասցնում են ազդեցություն ունենալ Հայաստանի բնակչության որոշ շերտերի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ադրբեջանը փորձում է օգտագործել ապատեղեկատվությունը ներքաղաքական լուրջ փոփոխությունների շրջանում Հայաստանի բնակչության վրա ազդեցություն գործելու համար, Sputnik Արմենիային ասաց  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանը։

Ավելի վաղ AzeriDefence կայքը, հղում անելով այլ ադրբեջանական ԶԼՄ–ների, հաղորդագրություն է տարածել այն մասին,որ պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:

Սուտ է. Ֆրանսիան չի վերացրել Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը. պարզաբանում է դեսպանատունը

«Եթե ուշադիր հետևել մեդիադաշտին, կարելի է նկատել, որ վերջին շրջանում Բաքուն փորձում է ուժեղացնել Երևանի վրա տեղեկատվական, քաղաքական ճնշումը։ Նման հոգեբանական և տեղեկատվական քայլերով նա փորձում է ազդեցություն գործել Հայաստանի բնակչության վրա», – ասաց Վերանյանը։

Նրա խոսքով` նման տեղեկատվություն տարածվել է ոչ միայն Ֆրանսիայի վերաբերյալ, այլ նաև Գերմանիայի և ԱՄՆ–ի (մասնավորապես, ուղղաթիռների վաճառքի մասին)։ Հետո պարզվել է, որ ուղղաթիռները վաճառվել են որպես քաղաքացիական։

Տեղեկատվական պատերազմն ընթանում է տարբեր ուղղություններով։ Չնայած տարածվող ֆեյքերի կարճ կյանքին` դրանք հասցնում են մեկ կամ երկու օրում խաղալ իրենց բացասական դերը, ասաց փորձագետը։

«Դրանց հոգեբանական ազդեցությունը բավական մեծ է լինում։ Անկախ նրանից, թե ինչ կլինի այդ արտանետման ճակատագրի հետ, գիտակցական և ենթագիտակցական մակարդակում այդ տեղեկատվությունն ազդեցություն է ունենում բնակչության որոշակի շերտերի վրա», – ասաց Վերանյանը։

Փաշինյանի «ծպտյալ» հովանավորն ի հայտ է եկել. կովկասյան «գորշ կարդինալի» հայտարարությունը

Նրա խոսքով` այդ ազդեցությունը հատկապես ուժեղանում է Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների պայմաններում։

Ավելի վաղ գերմանական մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ պաշտպանական կոնցեռնը մտադիր է գործարք կնքել Բաքվի հետ։ Ադրբեջանական ԶԼՄ–ները ողողվել են «Leopard» արտադրողի հետ համագործակցության մասին վերնագրերով։