Ողբերգական վթար Տավուշում. կինը մահացել է, 5 հոգու հիվանդանոց են տեղափոխել

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից գլորվել ձորը։ Տուժածների թվում անչափահաս երեխաներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մահացել է վարորդի կինը, ևս 5 հոգու տեղափոխել են Բերդի հիվանդանոց։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«911» ծառայությունն ավտոպատահարի մասին տեղեկությունը ստացել է հուլիսի 10-ին, ժամը 19:28-ին:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածի 30-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 200 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները՝ Ն. Ա.-ն (ծնված 2013 թ.), Ա. Ա.-ն (ծնված 1975 թ.), Ն. Ա.-ն (ծնված 2012 թ.), Գ. Ա.-ն (ծնված 2000 թ.), Դ. Մ.-ն (ծնված 2003 թ.), Ա. Խ.-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ Ա. Խ.-ն մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Shamshyan.com-ի տեղեկություններով` մահացածը վարորդի կինն է։ Վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։