ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Ա. Սարգսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել սպանության սպառնալիք տալու և ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից Ա. Սարգսյանին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 8-ին, ժամը 11:30-ի սահմաններում, Ա. Սարգսյանի տան դիմաց, անչափահաս դստեր կողմից «Վարդավառի» տոնի հետ կապված քաղաքացի Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել վերջինիս և իր միջև:
Այնուհետև, ժամը 12:30-ի սահմաններում, Կարեն Գասպարյանի որդին, ով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող է, Ա. Սարգսյանին կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ տվել են սպանության սպառնալիք. պահանջել են ծնկաչոք ներողություն խնդրել` հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն: Վախենալով սպառնալիքներից՝ ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին:
Կատարվում է նախաքննություն: