ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Միևնույն ժամանակ, Հանրապետության նախագահն առաջարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա, այնուհետև հայտարարել բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար:
Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել մրցույթային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ:
Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվելու են նաև Հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաև Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ ԱԱԾ-ն յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա ձերբակալել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին։Հուլիսի 5-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: