Հայաստանը ՀԱՊԿ անդամներին տեղեկացրել է նախիջևանյան հատվածում տիրող իրավիճակի մասին

ՀԱՊԿ–ի մշտական խորհրդի նիստում քննարկվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրի նախագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը մշտական խորհրդի անդամներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

ՀԱՊԿ–ին մտահոգել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հուլիսի 10-ին ՀԱՊԿ-ի քարտուղարությունում ղազախական կողմի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների մշտական և լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալները։

Քննարկվել և մշակվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրի նախագիծը։ Փաստաթղթի նախագիծն ուղարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներին` ներպետական համաձայնության համար։

Քննարկվել են նաև մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի գործունեությանը, որոնք Մշտական խորհրդի նիստի արդյունքներով ներկայացվել են ներպետական համաձայնեցման։

ՀԱՊԿ-ի ձևաչափով նախատեսված կազմակերպության անդամ պետությունների անվտանգությանն անմիջականորեն վերաբերող տեղեկությունների փոխանակման շրջանակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը տեղեկացրել է ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին Նախիջևանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հայտարարել էր, որ կազմակերպությանը մտահոգում է նախիջևանյան հատվածում տիրող իրավիճակը։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նախիջևանյան ուղղության որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Դրան ի պատասխան, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ էին արձակել` թույլ չտալով, որ հակառակորդը կատարի իր խնդիրը: Հայաստանի զինված ուժերի արձակած կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել էր հակառակորդի դիրքերից մեկը: