Գալուստ Սահակյանը խոսել է Տարոն Մարգարյանի ունեցվածքից

ՀՀԿ փոխնախագահը չի հավատում, որ Տարոն Մարգարյանը կարող էր կոռուպցիայով զբաղվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀԿ–ն մասնակցելու է Երևանի քաղաքապետի ընտրությանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը։

Ու թեև հարցը կուսակցությունում դեռ չի քննարկվել, բայց Սահակյանի համոզմամբ ՀՀԿ–ն պետք է մասնակցի։

Տարոն Մարգարյանի 50 երանգները․ ինչ է թողել իր հետևից Երևանի քաղաքապետը

«Որովհետև ես այն կուսակցականն եմ, որ որոշակի կազմակերպչական մոտեցումներ եմ ունեցել ամբողջ կուսակցության ստեղծման պատմության մեջ, գտնում եմ, որ մենք և՛ Երևանի քաղաքապետարանի, և՛ խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցենք»,– ասել է Սահակյանը։

Ու թեև ՀՀԿ–ն նախկինի չափ ձայն չի հավաքի, որովհետև նրա խոսքով, երկրում ինչ-որ բան փոխվել է, բայց այն միշտ պետք է լինի առաջնագծում։

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, Գալուստ Սահակյանը նշել է, որ նրա վերաբերյալ կոռուպցիա չի բացահայտվել։

«Ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանն այն մարդը չէ, որ պետք է կոռուպցիայով զբաղվեր»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է նրա ունեցվածքի մասին մամուլում հրապարակված փաստերին, Գալուստ Սահակյանը դրանք անօրինական եկամուտ չի համարում։ Նրա խոսքով` այդ ամենը կարող է բիզնեսով ձեռք բերված լինի։ Դե, իսկ քանի որ քաղաքապետը բիզնեսով զբաղվելու իրավունք չունի, նա ասել է, որ դա ընտանիքի անդամների բիզնեսի արդյունքն է։