«Գազպրոմ Արմենիան» պատասխանում է Պետական եկամուտների կոմիտեի մեղադրանքներին

ՀՀ ՊԵԿ հաղորդագրության մեջ թվարկված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն է միայն «Ավտոգազ» ՍՊԸ-ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 hուլիս — Sputnik. «Գազպրոմ Արմենիան» պարզաբանում է ներկայացրել այսօր` հուլիսի 11–ին ՊԵԿ տարածած հաղորդագրության վերաբերյալ։

«Գազպրոմ Արմենիային» պատկանող ՍՊԸ–ները խուսափել են հարկերից. ՊԵԿ–ի բացահայտումը

« ՀՀ ՊԵԿ կողմից տարածած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «Գաօմ գրուպ», «Գազ գրուպ», «Արզնի գազ», «Ֆակել գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից» վերտառությամբ մամուլի հաղորդագրությունը մի շարք լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարընթերցման տեղիք է տվել։

Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ ՊԵԿ հաղորդագրության մեջ թվարկված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն է հանդիսանում միայն  «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ուր հարկային մարմնի կողմից իրականացվել է ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգում՝ դրանից բխող համապատասխան գործողություններով»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ վերը նշված հաղորդագրության մեջ թվարկված մնացած ՍՊԸ-ները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավտոգազ» ՍՊԸ–ում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները խուսափել են հարկերից։