«Գազպրոմ Արմենիային» պատկանող ՍՊԸ–ները խուսափել են հարկերից. ՊԵԿ–ի բացահայտումը

Խուզարկություններ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող ՍՊԸ–ների գազալցակայաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավտոգազ» ՍՊԸ–ում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ:

Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Նշված ընկերությունները խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում հարուցվել են քրեական գործեր, իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ:

2018 թվականի հուլիսի 10-ին ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն: