Օդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի. ո՞ր մարզերի բնակիչներն են «վայելելու» անասելի շոգը

Օդերևութաբանների կանխատեսում են, որ Հայաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի 42 աստիճան տաքության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հայաստանի ամբողջ տարածքում այսօր և վաղը տեղումներ չեն սպասվում։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ կանխատեսումների` 42 աստիճան տաքություն կարող է գրանցվել Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երևանում հուլիսի 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր` հուլիսի 11-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 39-41, գիշերային ժամերին` 25-27 աստիճան տաքություն։