Հայաստանը մի կողմի հետ հարաբերությունները խորացնում է ոչ ի հաշիվ մյուսի. Քոչարյան

ՀՀ ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է ՀՀ վարչապետի եվրոպական այցի հիմնական նպատակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հայաստանն իր միջպետական հարաբերությունները կառուցում է ելնելով իր սեփական շահերից։ Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության մասին հարցին, ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Մեր առաջնահերթությունը պրոհայկականն է։ Ամեն պետություն կառուցում է իր հարաբերությունները ելնելով իր շահերից։ Ու ելնելով իր շահերից` կառուցում է իր հարաբերությունները հարևանների, ուժային կենտրոնների հետ»,–ասաց Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել

Նրա խոսքով` պատահական չէ, որ վարչապետի առաջին միջպետական այցը Վրաստան էր, որտեղ Հայաստանն ունի որոշակի շահեր։ Առաջին այցերից մեկը Ռուսաստան էր, համաձայնեցվում են Իրան այցի ժամկետները։ Իսկ այսօր վարչապետ Փաշինյանը մեկնել է Եվրոպա։

«Մենք պատրաստ ենք բոլոր ուղղություններով խորացնել հարաբերությունները` ոչ ի հաշիվ այլ ուղղությունների»,– ասաց Քոչարյանը։

ՆԱՏՕ–ի գագաթաժողովին Հայաստանի կառավարության ղեկավարի մասնակցությունը Շավարշ Քոչարյանը դրական է համարում։

Հուլիսի 11-13-ը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն, որտեղ կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։

Նախանշված է նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ: