Ո՞վ է մեղավոր, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա. պարզաբանում է Քոչարյանը

Հայաստանում արտգործնախարարների հանդիպման հետ մեծ հույսեր չեն կապում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Բրյուսելում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից որևէ առաջընթաց սպասելն անիմաստ է։ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նման կարծիք է հայտնում` դատելով Բաքվից հնչող հայտարարություններից։

«Բայց ամեն դեպքում մեզ համար կարևոր են այդ հանդիպումները, որովհետև շատ կարևոր է, որ կայունության պահպանման հարթությունում մենք կարողանանք առաջ շարժվել»,- այսօր լրագրողներին ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելուն, այս հարցում Բաքվի դիմադրությունը, փոխարտգործնախարարի խոսքով, ինքնին վկայում է, որ առաջընթաց չի ցանկանում։

«Հայտնի է, որ երբ Բաքուն որևէ առաջընթաց է ցանկանում, ինքն անմիջապես բանակցում է Ստեփանակերտի հետ։ Դրա վկայությունն է 1994թ-ի համաձայնագիրը։ Հետևաբար, խնդիրը շատ հստակ է` քանի Բաքուն չի ցանկանում, որ Արցախը` որպես լիարժեք բանակցային կողմ, ներգրավվի բանակցություններում, նշանակում է` չի ցանկանում առաջընթաց»,- ասաց Քոչարյանը։

Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը բեկումնային չի լինի»

Նա նաև հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի պարտադրելու մանդատ, հետևաբար ՄԽ-ն չի կարող պարտադրել Ադրբեջանին Արցախն ընդունել որպես բանակցային լիիրավ կողմ։

«Եթե բանակցային գործընթացում չկա առաջընթաց, մեղավորը համանախագահները չեն։ Ակնհայտ է` մեղավորն Ադրբեջանն է»,- ասաց փոխնախարարը։

Շավարշ Քոչարյանը շեշտեց նաև, որ բանակցություններում հայկական կողմը ստիպված է գործ ունենալ մի սուբյեկտի հետ, որը չի կատարում անգամ իր իսկ ստանձնած պարտավորությունները։ 1994թ-ից ի վեր Ադրբեջանը խախտում է ռազմական գործողությունների դադարեցման և զինադադարի ռեժիմ հաստատելու համաձայնագիրը։ Դրա ամենավառ վկայությունը 2016թ-ի ապրիլյան պատերազմն է։ 1995թ-ին Արցախ- Հայաստան- Ադրբեջան եռակողմ պայմանագրով Ադրբեջանը պարտավորվել էր հետաքննության մեխանիզմ ներդնել։ Քոչարյանը փաստում է` անցել է 23 տարի, համաձայնագիրը մնացել է թղթի վրա։

Սա, ըստ Քոչարյանի, նշանակում է, որ ինչ համաձայնագիր էլ կնքվի, դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը կատարելու է այն։ Այս տեսակետից Բրյուսելում նախատեսված արտգործնախարարների հանդիպումից մեծ ակնկալիքներ Հայաստանի արտաքին գերատեսչությունում չունեն։

Քոչարյանը չբացառեց, որ արտգործնախարարների հանդիպման արդյունքում հնարավոր է երկու երկրների ղեկավարների հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվել։ Բայց այս պահին դա միայն ենթադրություն է։

Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։