Ադրբեջանը չի ցանկանում վերանայել Արցախի վերաբերյալ իր մոտեցումները, այդ պատճառով Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից բեկում ակնկալել չարժե, Sputnik Արմենիային ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
«Կարելի է ասել` Հայաստանի նոր իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների միջև առաջին հանդիպումն է։ Այն բեկումնային դժվար թե լինի, որովհետև բոլոր այդ հայտարարություններից, ինչպես երևում է, պաշտոնական Բաքուն շարունակում է իր դիրքորոշումը և պատրաստ չէ վերանայել այդ մոտեցումները», — ասաց Բաբայանը։
Հիմնական շեշտը, նրա խոսքով, պետք է կրկին դրվի խաղաղության և կայունության պահպանման վրա, սա միակ հարթությունն է, որտեղ միջազգային հանրությունը, Արևմուտքը, Ռուսաստանը ունեն նույն շահերը, նույն տեսլականը։
Միևնույն ժամանակ Արցախի մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափը վերականգնելու անհրաժեշտության մասին Հայաստանի հայտարարություններից հետո, Բաբայանի կարծիքով, Ադրբեջանը կանի ամեն ինչ, որպեսզի տապալի այդ գործընթացը։
«Սակայն սա այլընտրանք չունի։ Ուշ թե շուտ պետք է վերականգնվի ձևաչափը։ Եվ չեմ կարծում, որ այստեղ ավելի ռեալ զարգացում կլինի, քան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը։ Սա քրտնաջան աշխատանքի արդյունք պետք է լինի։ Հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց Արցախի մասնակցության», — ասաց Բաբայանը։
Քանի դեռ վերականգնված չէ ձևաչափը, հնարավոր է լինելու միայն մի հարթությունում առաջընթաց ապահովել, այն է` խաղաղության և կայունության պահպանումը տարածաշրջանում։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի բանակցությունները նախատեսված են այսօր` հուլիսի 11-ին, Բրյուսելում։ Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ։