Վարչապետը ներկայացրել է Քննչական կոմիտեի նոր նախագահին

«Մեր խնդիրն ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ». Նիկոլ Փաշինյան
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Վարչապետն այսօր  Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանին:

Նիկոլ Փաշինյանը քաղավիացիայի ղեկավար է նշանակել. լուսանկար

Վարչապետը նշել է, որ Քննչական կոմիտեն Հայաստանի ամենամեծ քննչական մարմինն է, հետևաբար նրա ազդեցությունը քրեաիրավական վիճակի վրա, օրինականություն հաստատելու, հանցագործության պարագայում պատժի անխուսափելիությունն ապահովելու գործում չափազանց մեծ է:

«Կարծում եմ, որ այս նշանակման տրամաբանությունը պարզ է. մենք ուզում ենք, որ ինչպես Հայաստանի քաղաքական կյանքում, այնպես էլ հանրային պետական կյանքի բոլոր բնագավառներում տեղի ունենա որակյալ սերնդափոխություն, ինչի արդյունքում այն լավագույնը որ կա, գոյություն ունի, այդ թվում՝ ՔԿ-ում, պահպանվի, զարգանա, իսկ այն նեգատիվը, որը նույնպես գոյություն ունի, այլևս գոյություն չունենա: Տեղյակ եք, որ ընթացիկ իրավիճակում մեծ կարևորություն ենք տալիս օրինականության հաստատմանը, հանցավորության, կրիմինալ մտածողության, կոռուպցիայի դեմ պայքարին և սա ՀՀ հանրային կյանքում տեղի ունեցող կարևորագույն գործընթաց է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա առանձնահատուկ ընդգծել է, որ այս գործընթացներում խնդիրն ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ, խնդիրը Հայաստանում օրիանականություն ապահովելն է, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում խնդիրն է նաև պետությանը, ժողովրդին հասցված վնասները մինչև վերջին լուման վերականգնելը:

Փաշինյանի վերահսկողական ծառայությունը կստուգի քաղաքապետներին ու նախարարությունները

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ընդգծել, որ գիտակցում է այս պատմական ժամանակաշրջանում ժողովրդի վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ՝ հանձինս Քննչական կոմիտեի, օրեցօր ավելացնելու պարտավորությունը: Նա շեշտել է, որ կառույցի գործելաոճի հիմնական սկզունքներն են լինելու թափանցիկությունը, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների խստագույնս պահպանումը:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր ժամանակներում Հայաստանում քրեադատավարական որոշումները ոչ միայն կհամապատասխանեն քրեական օրենսգրքին, ընթացակարգերին ու կանոնակարգերին, այլև իրականությանը: