Մեծ փողերի յուրացում Շիրակի պետական համալսարանում. հարուցվել է քրգործ

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում  առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Բուհական «մեղքեր» Գյումրիում. ռեկտորի դեմ բողոքին միացան պատգամավորն ու ավագանու անդամը

Մասնավորապես, հիշյալ համալսարանի նախկին պրոռեկտոր Ա.Ֆ.-ն, ինչպես նաև Ֆիզիկական դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկան Ա. Խ.-ն մի ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով կրկնակի ցածր ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող այլ ուսանողի՝ վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Իսկ նշված հանցավոր արարքը քողարկելու նպատակով ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի 1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել:

Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ  ինստիտուտի 2010-2012թ.թ. 2 ուսումնական տարիներին, որպես ուսումնական վարձավճարներ, կանխիկ հավաքագրվել է ընդհանուր 1.185.492.655 ՀՀ դրամ գումար, որից 722.285.794 դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ, իսկ մնացած 463.206.861 դրամը մուտքագրվելու վերաբերյալ փաստեր ձեռք չեն բերվել:

Նախարարի կեսգիշերային հանդիպումները. Շիրակի համալսարանի հակամարտության հետքերով

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում բուհում հրավիրվել է դեկանատների գործավարների ժողով և հանձնարարվել կազմակերպել դրամահավաք դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու համար՝ յուրաքանչյուր շրջանավարտից 5.500 ՀՀ դրամի չափով: Արդյունքում չորս տարում շրջանավարտներից հավաքագրվել է ընդհանուր շուրջ 20.000.000 ՀՀ դրամ՝ այն դեպքում, երբ դրա համար բուհի բյուջեով նախատեսված են եղել համապատասխան միջոցներ:

Նշված փաստերի առթիվ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: