Ոստիկանությունը չի պատրաստվում միջամտել կաթողիկոսի հակառակորդների «գործերին»

Ցուցարարներին դուրս են հանել դիվանատնից և թույլ են տվել փողոցում կանգնել որքան կուզեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ոստիկանությունը չի պատրաստվում միջամտել Մայր Աթոռի մոտ տեղի ունեցող ակցիաներին։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Չենք պատրաստվում այս պահին որևէ բան իրականացնել, ակցիայի շրջանակներում մասնակիցներն իրենց պահում են օրենքին համապատասխան ու որևէ հարց չկա միջամտության համար»,-նշեց նա:

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն այսօր առավոտյան կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Մայր Աթոռում։

Նրանք հրաժարվում էին հեռանալ` պահանջելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։

Ոստիկանները Դիվանատան տարածքից հեռացրին ցուցարարներին

Բողոքողները շրջապատել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատան տարածքը, բայց ոստիկանությունը տարածքն ազատեց ցուցարարներից։

Ոստիկանությունը տարածքից հեռացրեց նաև վրաններն ու ցուցարարների մյուս իրերը։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում է ձևավորվել` «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» անվանումով։ Շարժման մասնակիցները` Հայր Կորյուն վարդապետի, Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ, հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում, երթեր և ցույցեր անցկացնում ինչպես Երևանում, այնպես է Էջմիածնում։