Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու պարտականությունները կասեցվել են

ՀՀ ոստիկանապետը կարծում է, որ Վլադիմիր Գասպարյանը դժվար թե միջամտի եղբոր գործին. այսօր այն իրավիճակը չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ժամանակավորապես կասեցվել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու՝ Սերգեյ Գասպարյանի պարտականությունները: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ինչպես է Վլադիմիր Գասպարյանի եղբայրը «դաստիարակում» գյուղի երեխաներին. տեսանյութ

Նա հայտնել է նաև, որ Վարդավառի օրը Գասպարյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած գործի նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։

Հարցին` հնարավո՞ր է նախկին ոստիկանապետի եղբայրը խուսափի պատասխանատվությունից, Օսիպյանը պատասխանել է. «Այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի ՀՀ-ում, այդ թվում՝ ես, լինելով ոստիկանապետ, եթե որևէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու»։

Նա նաև ավելացրել է` չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը փորձի միջամտել հարցին։

ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանն ու նրա որդին հուլիսի 8-ին բռնություն են գործադրել 13-ամյա աղջկա հանդեպ, ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: