Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին կսպասի մինչև հուլիսի 25–ը

Տեսակապով, տեսազանգով կամ որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում, նշեց Սասուն Խաչատրյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար կսպասենք մինչև հուլիսի 25-ը։ Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Մարտի 1–ի գաղտնի հրամանը. Քոչարյանը ծածկո՞ւմ է Միքայել Հարությունյանի արածը

Անդրադառնալով Վիկտոր Սողոմոնյանի այն հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանը երկրում չի լինի մինչև հուլիսի 25-ը, բայց պատրաստ է տեսակապով հարցաքննվել` ՀՔԾ պետը նշեց.

«Վկային հարցաքննելու, նրան հարցաքննության կանչելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով։ Տեսակապով, տեսազանգով կամ որևէ այլ եղանակով հարցաքննելու հնարավորություն Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում»,–նշեց նա և հավելեց, որ կսպասեն մինչև նրա վերադարձը` մինչև հուլիսի 25–ը։

Հիշեցնենք`ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով դեռ որպես վկա հարցաքննվելու:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ  նա գտնվում է արտերկրում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ: