Հայկ Գրիգորյանը Քննչական կոմիտեի նոր նախագահն է

Քննչական կոմիտեի նորանշանակ պետը ասաց, որ որևէ կաշկանդվածություն չունեն օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու գործում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Հայկ Գրիգորյանին և ընդգծեց, որ Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարն առաջնահերթություն է:

Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել

«Այս բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքները և օրինականության մյուս երեսը: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք պետք է հարյուր տոկոսով ապահովենք օրինականությունը և իրավունքի գերակայությունը, բացառենք, որ որևէ այլ մեկնաբանություն իրավապահ համակարգի գործողություններին հնարավոր լինի տալ: Հույս ունեմ, որ ՔԿ-ն Ձեր ղեկավարությամբ կգործի հենց այս տրամաբանությամբ»,- նշեց Փաշինյանը:

Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին վստահության համար և հավաստիացրեց, որ գործընկերների հետ ցուցաբերված վստահությունն արդարացնելու են: Նա շեշտեց, որ որևէ կաշկանդվածություն չունեն օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու գործում:

Հիշեցնենք, որ 2018թ.–ի հունիսի 11–ին ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը հրաժարական տվեց։ Նա այս կառույցը ղեկավարել է 4 տարի։