Երևանի նոր քաղաքապետ չի ընտրվի. «Ելքի» սցենարը

Տարոն Մարգարյանը դիմումը գրել էր 10 օր առաջ: «Ելքը» մեկնաբանում է Տարոն Մարգարյանի հրաժարականի որոշումն ու ներկայացնում հնարավոր զարգացումների սեփական տարբերակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Երևանի նոր քաղաքապետ չի ընտրվի,կանցկացվեն Երևանի ավագանու նոր ընտրություններ: Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո իրադարձությունների հնարավոր զարգացման այսպիսի կանխատեսում արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը:

«Կա՛մ 3 ամիս ավագանին նիստ չի գումարում ու դրանից հետո ցրվում է, կա՛մ քաղաքապետի հրաժարականից հետո արտահերթ նիստ է հրավիրվում, որը վարում է Կամո Արեյանը` առաջին փոխքաղաքապետը: Դրանից հետո 15 օրվա ընթացքում առաջադրումներ են լինում, և նոր քաղաքապետի ընտրություններ են լինում: Եթե 1 թեկնածու է լինում, 27 ձայնով ընտրվում է: Եթե 2 թեկնածու և ավելի, պարզ մեծամասնությունով է ընտրվում: Բայց ես ենթադրում եմ, որ այդ թեկնածուները կա՛մ չեն լինի, կա՛մ չեն ընտրվի, և 13+15+45 օր հետո մենք կունենանք ավագանու ընտրություններ»,- ասաց Սիմոնյանը:

Նա նաև նշեց, որ դա իր կանխատեսումն է: Իսկ «Ելք» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ո՛չ այս, ո՛չ էլ քաղաքապետի հնարավոր թեկնածուի առաջադրման հարցը դեռ չեն քննարկել:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի` երեկ հրապարակված հրաժարականին, Ալեն Սիմոնյանն այն ուշացած կոչեց` հայտնելով, որ իր տեղեկություններով հրաժարականի դիմումը գրվել էր դեռ 10 օր առաջ: Իսկ թե ինչու այն միայն երեկ ներկայացվեց, Սիմոնյանի համոզմամբ, դա իրավիճակին չտիրապետելու և մեկ օր շատ քաղաքապետի աշխատասենյակում մնալու ցանկության հետևանք էր:

Նշենք, որ երեկ` հուլիսի 9-ին, Տարոն Մարգարյանը հրաժարվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից։