ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Բնապահպանության նախարարությունը Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց է նախաձեռնում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կանցկացվի մարզի մակարդակով, որոշակի ժամանակահատվածում ՀՀ-ն կմիանա մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելող երկրներին»,- ասել է նախարարը։
Ըստ նրա՝ պլաստիկին այլընտրանք կառաջարկվի. համայնքում, որտեղ միջոցառումներ կանցկացվեն, կտորից տոպրակներ կբաժանվեն, պլաստիկ շշերի վերամշակում կանցկացվի:
Ծրագրի իրականացման համար բյուջեից ոչ մի գումար չի ծախսվի, որովհետև ֆինանսավորում են միջազգային գործընկերները։