ԵՐԵՎԱՆ, 10 հուլիս — Sputnik. Այսօր կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարած 2 մլրդ ՀՀ դրամի չափով բացահայտված հարկային պարտավորություններին ևս 600 մլն դրամ է ավելացել ։
Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ նոր բացահայտումներ են արվել «կարգոների» կողմից պետությանը պատճառված վնասի մասով։
Թուրքիայից, Չինաստանից, ԵԱՏՄ-ից ապրանքների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ եղանակներով իրացմամբ, ինչպես նաև երրորդ երկրներից ԵԱՏՄ արտահանմամբ զբաղվող «Սարգսյան Իմպորտ» և «Արմ Ընդ Ման» ընկերությունների նկատմամբ հարուցված քրեական գործերի քննությամբ պարզվել է, որ դրանց իրական սեփականատերեր Կարլեն Մկրտչյանն ու Բագրատ Նավոյանն օգտվելով իրենց տրված տարբեր արտոնություններից, արտոնյալ պայմաններով մաքսազերծել ու արտահանել են նաև այլ ընկերությունների ապրանքները։
Այսպես` Կարլեն Մկրտչյանը «կարգո» ընկերությունների գործունեությունը կազմակերպել է ոչ միայն «Արմ Ընդ Ման», այլև «Ինն Ընկեր», «Չորս Ընկեր», «Հովարտ», «Էդ Էքսպորտ», ինչպես նաև «Մար Թրեյդ» ՍՊԸ-ների միջոցով։ Այս ընկերությունների ծավալած գործունեության ընթացքում պետությանը պատճառված վնասը ՊԵԿ-ում հաշվարկել են շուրջ 600 մլն ՀՀ դրամի չափով։
Քրեական գործի նախաքննությունն ավարտված չէ։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկվում նշված ընկերությունների կողմից պետությանը պատճառած վնասը վերականգնելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: