Փաշինյանի վերահսկողական ծառայությունը կստուգի քաղաքապետներին ու նախարարությունները

Մի քանի քաղաքներ դեռ ղեկավարում են ՀՀԿ–ական քաղաքապետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հայաստանի վարչապետի վերահսկողական ծառայությունը կստուգի քաղաքապետներին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` անդրադառնալով գնումների ոլորտում չարաշահումների հնարավոր բացահայտումներին։ ։

«Առաջիկայում քաղաքապետարաններում, էներգետիկայի ու սփյուռքի նախարարություններում ստուգումներ կլինեն», — ասաց Սանասարյանը` ավելացնելով, որ պետական գնումների վերաբերյալ վերահսկողությունը հերթականությամբ են իրականացնում։

Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո արդեն մի քանի քաղաքապետներ հրաժարական են տվել։ Երեկ իր պաշտոնը լքեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն որոշ քաղաքներ դեռ ղեկավարում են ՀՀԿ-ական քաղաքապետները։ Նրանք պարտավոր չեն լքել պաշտոնները, քանի որ քաղաքապետներին ոչ թե նշանակում են, այլ ընտրում։

Պարզ չէ՝ Տարոն Մարգարյանը հրաժարական Փաշինյանի հորդորով է ներկայացրել, թե ոչ. «Ժողովուրդ»

Նրա խոսքով` միանգամից հնարավոր չէ բացահայտել. գործընթաց է պահանջում. «Մենք նոր ենք սկսել, մի շաբաթ է՝ ինչ սկսել ենք մեր գործունեությունը»։

Սանասարյանը նշեց, որ իրեն բավականին բարդ աշխատանք է բաժին հասել. «Բավականին տաժանակիր աշխատանք է, որովհետեւ գործ ունենք թվերի, խառը իրավիճակների հետ»։

Ստուգումներ կլինեն նաև երկու նախարարություններում։ Բացի այդ, հիմա ավարտին է մոտենում Հյուսիս-Հարավ մայրուղու ծախսերի ուսումնասիրությունը։

Դատախազություն է ուղարկվելու նաև ԲԷՑ-ի հետ կապված մի գողության դեպք. գտել են գողացված տրանսֆորմատոր` մեծ արժողությամբ. միլիոնների մասին է խոսքը։