Կբուժվի արդյո՞ք Հայաստանի կրթական ոլորտը. մասնագետները գիտեն պատասխանը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» շրջանակում կրթության ոլորտի մասնագետները հավաքվել էին համակարգի խնդիրների լուծման ուղիներ որոնելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Մեր կրթական համակարգը գործում է սանտեխնիկի պես. եթե մի տեղից ջուր է կաթում, գնում-նորոգում է խողովակի այդ մասը, հետո տեսնում է, որ մի այլ տեղից էլ է կաթում, այնտեղ է փորձում նորոգել: Մինչդեռ երևի թե լուծումը ընդհանուր խողովակաշարը փոխելն է, որովհետև այսպես անընդհատ կրթական ռեֆորմների մեջ ենք: Ուսուցիչ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի մտքերն են մեր կրթական ոլորտի մասին, որը նա արտահայտել է «Կրթական համակարգի խնդիրները. ինչի՞ց սկսել» խորագրով հանդիպում-քննարկմանը: Այստեղ ոլորտի մասնագետները փորձում էին վեր հանել խնդիրներն ու գտնել լուծման ուղիները:

Փոփոխությունների ժամանակն է. ինչն է սխալ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում

Բանախոսների ախտորոշմամբ՝ կրթության ոլորտում կատարված աշխատանքներն այս տարիներին եղել են տարերային, չեն կատարվել նոր սերնդի երեխայի կերպարի, նոր մասնագիտական որակների, ապագայի պահանջների համակարգային հետազոտություններ:

«Այն, ինչ որ այս տարիներին արել ենք, հաճախ նույնիսկ հակառակ էֆեկտ է տվել: Բարեփոխումներ ենք արել, փող ենք ծախսել, վարկ ենք վերցրել ու արդյունքում ծնել ենք այդ նույն բարեփոխումների հակառակորդ: Այսինքն՝ եթե ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ: Հիմա եթե դուք ֆեյսբուքով նայեք, թե ինչ են առաջարկում մեր ԿԳ նախարարին, կզարմանաք. բոլոր առաջարկները առաջարկ են դեպի հետ: Հետ գնանք տասնամյա կրթության, այդ առարկաները, որ վերջին տարիներին մտցրել են, հանենք, այդ քննությունները, թեստերը հանենք, հետ բերեք շարադրությունը, թելադրությունը, էդ դպրոցական խորհուրդներն ինչ թիթիզություն են, վերացրեք և այլն»,- ասաց քննարկմանը մասնակցող կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ բազմաթիվ լավ փաստաթղթեր մնացել են չիրականացված, բազմաթիվ լավ առաջարկներ լսելի չեն դարձել կառավարման սխալ համակարգի պատճառով:

«Инициатива поддержки реформ». Самвел Мартиросян

Բանախոսները ոչ միայն ախտորոշեցին, այլև ներկայացրին բուժման իրենց տեսլականները: «Առաջին հերթին «փակենք» մանկավարժական համալսարանը: Դա այն կառույցն է, որի պատճառով մեր ուսուցչի վարկանիշն ընկել է»,- սարկազմով առաջարկեց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դա դառը դիտարկում է՝ անձնական ուսուցչական կենսափորձից: Մարտիրոսյանի համոզմամբ՝ պետք է մեծացնել բյուջեում կրթությանը տրվող ծախսերը, քանի որ դա ևս, ինչպես ռազմական ոլորտը, անվտանգության երաշխիք է: «Եվ պետությունը պիտի սկսի ֆինանսավորել ոչ թե դպրոցին՝ ըստ երեխայի, այլ՝ երեխային: Եթե գումարը հատկացվի երեխային, ապա ո՞վ ասաց, թե մի մեռնող գյուղում չի կարող մասնավոր դպրոց լինել՝ հետ վերադարձնելով հեռացածներին»,-նշում է նա:

«Инициатива поддержки реформ». Сероб Хачатрян

Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ ԿԳՆ-ն պետք է գնա կրթության համակարգողների՝ տնօրենների, կառավարիչների, ռեկտորների իրապես կարծիքները լսելու և հաշվի առնելու ուղիով, ընդ որում՝ վերջ տալով նախկին կեղծ մասնակցային պրոցեսների ավանդույթին:

«Պետք է հիմնել կրթության ազգային խորհուրդ, որի անդամները չեն լինի վճարվող, չեն ֆինանսավորվի որևէ մեկից, որոնց կարգելվի դրամաշնորհներ ստանալ: Եվ այս կառույցը պետք է համակարգը փոխի՝ սկսելով կրթական չափորոշչի վերանայումից»,- առաջարկեց քննարկման մասնակից ԵՊՀ դասախոս Արա Աթայանը:

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը» մեր երկրի զարգացմանն ուղղված գաղափարներ և դրանց կենսագործման ուղիներ որոնող կառույց է: Նախաձեռնության նպատակն է սրամիտ և բանիմաց մարդկանց շփումների արդյունքում ստանալ առավելագույնս ճշգրիտ լուծումներ՝ նպաստելով տարբեր ոլորտներում մեր երկրի արագընթաց առաջընթացին: