Գյումրեցիներին իրական տոն են խոստանում. «ԱՊՀ երկրների կինոն» Գյումրիում է

Գյումրու փողային նվագախմբի քայլերգերի ներքո ազդարարվեց «ԱՊՀ երկրների կինո» ծրագրի մեկնարկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հուլիսի 10-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ռեժիսոր Ստաս Նամինի «Իրական Կուբան» և «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմերով ազդարարվեց ԱՊՀ երկրների կինոծրագրի մեկնարկը, որն անցկացվում է Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:

ՌԴ կինոքննադատների միության նախագահ Կիրիլ Ռազլոգովը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «Ոսկե ծիրանը» հարևան երկրների ֆիլմարտադրանքը տեսնելու լավագույն հնարավորությունն է:

«Երևան պարբերաբար եմ գալիս, բայց Գյումրի առաջին անգամ եմ եկել, ինչի համար անչափ ուրախ եմ: Գիտեմ` իրական մշակութային քաղաք է: Փառատոնային ծրագիրը շատ լավն է ու արդյունավետ, ափսոսում եմ միայն, որ Բալթյան երկրները չեն մասնակցում»,- ասաց նա:

«Ոսկե ծիրանի» մշտական մասնակից, արվեստագետ Նինա Կոչելաևան ևս վստահ է, որ այս փառատոնն իսկապես արդյունավետ է։ Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև Բալթյան երկրների, Ուկրաինայի և Վրաստանի կինոարտադրողները:

«ԱՊՀ երկրների կինո» կինոծրագիրը երկրորդ անգամ է անցկացվում Գյումրիում: Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքում այս ծրագրի շրջանակում ցուցադրվելու են Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Հայաստանի 11 ֆիլմ՝ «Ավերակը, «Աշխարհի սիրալիր անտարբերությունը», «Զանգ հորը», «Վաղը», «Իրական Կուբան», «Կենտավրոս», «Տոկունություն», «Սալյուտ», «Թուրքական թամբ», «Մայիսի վերջին օրը», «Հայաստանի հնագույն տաճարները»՝ ոչ մրցութային ֆիլմերը։

Началась кинопрограмма стран СНГ в Гюмри

Ողջունելով ՌԴ-ից, Մոլդովայից, Բելառուսից, Ուզբեկստանից և Ղրղըզստանից Գյումրի ժամանած հյուրերին` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հույս հայտնեց, որ շուտով մշակութային մայրաքաղաք Գյումրին կդառնա նաև կինոփառատոնային քաղաք:

Կազմակերպիչներն այս օրերին գյումրեցիներին իրական տոն են խոստանում. ցուցադրվելու են ԱՊՀ երկրներում նկարահանված լավագույն ֆիլմերը: Ծրագրի շրջանակում Գյումրի կժամանեն ճանաչված կինոռեժիսորներ, պրոդյուսերներ և կինոգետներ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 8-ին։