Առանց դպրոցն ավարտելու բանակ չեն գնա. այս տարի դպրոցներում 11 զորակոչիկ աշակերտ կա

ՀՀ ՊՆ առաջարկած օրենսդրական փոփոխությունը կոչված է խթանելու ներգաղթը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. 18 տարին լրացած, բայց դեռ դպրոցում սովորող զինակոչիկները կառավարության որոշմամբ տարկետման իրավունք կստանան և բանակ կգնան միայն դպրոցն ավարտելուց հետո: ՀՀ ՊՆ այս առաջարկությունն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Փաշինյանի որդուն բանակ են ճանապարհում երգ ու պարով

«Զինապարտության մասին» նոր օրենքում այս փոփոխությունը, փոխնախարարի դիտարկմամբ, առավել կարևոր է արտերկրից Հայաստան վերադարձած և ուսումը շարունակող աշակերտների համար:

«Այս զորակոչի համար ընդամենը 11 հոգի ունենք նմանատիպ խնդրով, որոնցից 10-ը Ռուսաստանից են վերադարձել, որտեղ կրթական ծրագրի տևողությունը 11 տարի է, մեզ մոտ՝ 12-ը: Ընդ որում, այստեղ նրանք մեկ տարի ցածր դասարան են նստում», — ասաց Բալայանը:

Նրա խոսքով` այս կարգավորումը կնպաստի նաև ներգաղթի քաղաքականության խրախուսմանը, քանի որ ծնողներն այլևս մտավախություն չեն ունենա, որ երեխաները բանակ կզորակոչվեն` առանց դպրոցն ավարտելու:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց, թե արտերկրից վերադարձած քանի զորակոչիկ է այս տարի արդեն մեկնել զինծառայության` հիշեցնելով, որ կառավարությունը հայտարարում է, որ կամավոր վերադարձողներ կան:

Պաշտպանության փոխնախարարը չպատասխանեց հարցին` նշելով, որ այս պահին տվյալներին չի տիրապետում: Բայց խոստացավ դրանք հրապարակել վաղը` ԱԺ արտահերթ նիստից առաջ: