«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահը ներողություն է խնդրել բոլորից

Արա Վարդանյանը ուղերձ է հղել համայն հայությանը, հիմնադրամին նվիրատուներին և Հայաստանի ու Արցախի ղեկավարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը և բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից: Այս մասին իր տարածած հայտարարության մեջ հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի` արդեն նախկին տնօրեն Արա Վարդանյանը` հավելելով, որ այս գիտակցումով է ինքը 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը:

«Հայաստան» հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը հրաժարական է տվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարվելու իր դիմումում Արա Վարդանյանը նշում է` գիտակցել է, որ իր հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը, ինչը նրա համար անթույլատրելի է:

«Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը։

Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից: Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են և ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է`մեր հայրենիքի շենացումը, Արցախում և Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար»,–ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, որը ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու՝ իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 3–ին ՀՀ ԱԱԾ–ն յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել, ապա ձերբակալել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին։Հուլիսի 5–ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել: