Ջորջ Քլունին ավտովթարի է ենթարկվել նկարահանումների ժամանակ

Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին Սարդինիայում ավտովթարի է ենթարկվել «Հնարք–22» սերիալի նկարահանման ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին ավտովթարի է ենթարկվել իտալական Սարդինիա կղզում գտնվող Կոստա Կորալինա բնակատեղիում, հայտնում է La Nuova Sardegna պարբերականը։

57-ամյա Քլունին նկարահանման հարթակ գնալու ճանապարհին է եղել, երբ Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել դերասանի մոտոցիկլետին։ Դերասանին հիվանդանոց են տեղափոխել, նրա մոտ կոնքի, ծնկի և ձեռքի վնասվածք են ախտորոշել։

​Հեռուստասերիալը պատմելու է ամերիկացի զինվոր Յոսարիանի մասին, որը ձևացնում է, թե հոգեկան շեղում ունի, որպեսզի խուսափի մարտական թռիչքներից։ Յոսարիանը ստիպված է «քնել Մեռելի վրանում» (օդաչու, որին խոցել են առաջին իսկ թռիչքի ժամանակ, սակայն որը հասցրել է վրանում թողնել իրերը, սակայն չի հասցրել գրանցվել գնդի գրասենյակում, այնպես որ պաշտոնապես նա գունդ չի ժամանել, իսկ նրա իրերն առանց իր համաձայնության դեն նետել չի կարելի)։

Դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և հասարակական գործիչ Ջորջ Քլունին ծնվել է 1961 թվականի մայիսի 6-ին Լեքսինգթոնում (Կենտուկի, ԱՄՆ)։ Նա հայտնի է դարձել «Շտապօգնություն» հեռուստասերիալի և «Մայրամուտից մինչև լուսաբաց» ֆիլմի էկրաններ դուրս գալուց հետո։

Քլունին «Օսկարի», «Ոսկե գլոբուս» և այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է։ 2009 թվականին Time ամսագիրը նրան աշխարհի 100 ազդեցիկ մարդկանցից մեկն էր ճանաչել։

Նա մարդասիրական գործունեություն է ծավալել Դարֆուրի հակամարտության կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, Հաիթիի երկրաշարժից տուժածներին օգնելու ուղղությամբ։