Հասան Ռոուհանին Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ԻԻՀ

Նիկոլ Փաշինյանը Ռեզա Արդաքանիանի հետ քննարկել է հայ-իրանական տնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik.  Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության, ասել է Նիկոլ Փաշինյանը Իրանի էներգետիկայի նախարարի հետ ՀՀ կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ։ Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի առաջիկայում լիարժեք իրացնել երկկողմ կապերում առկա մեծ ներուժը:

Իրանը չի հանդուրժի հյուսիսից հրահրվող ապակայունացումը

«Մենք մեր բոլոր գործընկերների հետ կարևորում ենք փոխադարձ շահերի հիման վրա երկխոսությունը և համոզված ենք, որ հենց այս սկզբունքի ներքո էլ կշարունակեն զարգանալ հայ-իրանական հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով առևտրատնտեսական ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Ռեզա Արդաքանիանը վարչապետին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ուղերձն ու Իրան այցելելու հրավերը: Իրանի էներգետիկայի նախարարը գործարար կապերի ամրապնդման հարցում հեռանկարային է համարել ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը:

Զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություններին:

ՀՀ վարչապետն ու  ԻԻՀ էներգետիկայի նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: