Գեղամավանում վիճաբանության ժամանակ սպանել է համագյուղացուն. 2 անձ ձերբակալվել է

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Քրեական գործ է հարուցվել Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հ.Զաքարյանի սպանության դեպքի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քրեական գործով երկու անձ ձերբակալվել է։

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. գյուղում սպանել են 56 տարեկան հովվին

2018 թ. հուլիսի 8-ին «Սևանի բժշկական կենտրոն» —ից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի, կրծքավանդակի բազմակի կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Հուսիկ Զաքարյանը, ով բժշկական կենտրոնում նույն օրը՝ ժամը 21։55-ին, մահացել է:

Ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում՝ կենցաղային հարցերի շուրջ համագյուղացիների միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ Հ.Զաքարյանին, դանակի գործադրմամբ, պատճառվել են նշված վնասվածքները։

Քրեական գործով երկու անձ ձերբակալվել է, քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։