Հասարակ զինվոր, թե՞ «ազգը փրկողի» որդի. կրտսեր Փաշինյանը կոտրում է կարծրատիպերը

Շուտով հայոց բանակը սեփական Փաշինյան կունենա, նա կբարձրացնի բանակի վարկանիշն և կամավոր–պարտադիր օրինակ կծառայի «աստղային» մյուս երեխաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, մեկնել է ծառայության. սա 2018 թվականի ամառային զորակոչի, հավանաբար, ամենագլխավոր իրադարձությունն էր։

Լրացել էր Աշոտի 18 տարին, ու եկել էր նրա ծառայելու ժամանակը։ Այս մասին շատերը գիտեին։

Անկախ դրանից, լրագրողները լուսաբանում էին վարչապետի որդու գրեթե յուրաքանչյուր քայլը, և ոչ միայն երկրի ղեկավարի հետ ընտանեկան կապեր ունենալու պատճառով։

Զորակոչվելու են նախկին պաշտոնյաների ու խոշոր գործարարների զավակները. Տոնոյանը խոստանում է

Հայաստանի նորագույն պատմության մեջ հանրապետության առաջին դեմքի որդու ծառայությունն աննախադեպ երևույթ դարձավ։ Մինչև «թավշյա հեղափոխությունը» բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների որդիները հաճախ կա՛մ գիտության հանդեպ մեծ «ձգտում» էին ցուցաբերում, կամ էլ չափազանց «վատառողջ» էին։

Հասարակության համար դա նորմալ երևույթ էր դարձել (թեև անընդունելի)։ Նրանք, ովքեր կարողանում էին գումարի դիմաց ազատել կամ «տաքուկ» տեղ դասավորել իրենց որդիներին, նույնպես հաճախ օգտվում էին այդ հնարավորությունից, թեև, արդար գտնվելու համար ասենք, որ տարեցտարի դա ավելի դժվար էր դառնում։

Ոչ միայն սպաները, այլև զինվորները լավ գիտեին, թե ով որքան գումարի դիմաց և ում միջոցով է ընկել այս կամ այն զորամասը կամ ստորաբաժանումը։ Բնականաբար, «տաքուկ տեղեր» էին համարվում թիկունքի զորամասերը, արտոնյալ էին համարվում նաև փոքր ստորաբաժանումները (սակրավորները, ՀՕՊ–ը, կապը, երաժշտական վաշտը և այլն)։

Եվ հանկարծ երկրի առաջին դեմքի որդին գնում է ծառայելու։ Ընդ որում` Փաշինյանի որդին դիմում էր գրել և խնդրել, որ իրեն Արցախ ուղարկեն։ Նա նաև ասաց, որ իր հանդեպ արտոնյալ վերաբերմունք չի ակնկալում և չի ցանկանում, որ իրեն նման կերպ վերաբերեն։ Գրեթե նույնը լրագրողներին ասաց նաև ավագ Փաշինյանը։

Ինչու է Փաշինյանի որդին Արցախն ընտրել. վարչապետի որդու հարցազրույցը` բանակ մեկնելուց առաջ

Հասկանալի է, որ նման արտոնյալ վերաբերմունք լինելու է։ Սպաները ռոբոտներ չեն, վարչապետի որդու ազգանունը մոռանալ նրանք չեն կարող։ Բացի այդ առաջնագծում նա, ամենայն հավանականությամբ, չի ծառայի։

Աշոտին և նրանց, ովքեր ծառայելու են նրա հետ «քաշել» չարժե, և հազիվ թե «քաշեն»։ Նրա ծառայության տեղի գաղտնիությունը պահպանել չի ստացվի, իսկ դա նշանակում է` հակառակորդը կարող է սկսել նրան վերահսկել։

Աշոտի նկատմամբ զորակոչի օրը չափից ավելի մեծ ուշադրություն կար։ Մի կողմից դա սխալ է, ինչը նշեց նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հավաքակայանում շատ ուրիշ տղաներ կային, որոնք բանակ էին գնում` և նույն նպատակով։

Բարոյական տեսանկյունից նրանց, ըստ ամենայնի, տհաճ էր։ Մյուս կողմից` վարչապետի որդու նկատմամբ նման ուշադրությունը բավական հասկանալի էր, այդ թվում նաև պաշտպանության նախարարին։ Միևնույն ժամանակ Տոնոյանը նման ուշադրություն չի ցանկանում իր որդու նկատմամբ, որը մի քանի օրից նույնպես կմեկնի ծառայելու։ Տվյալ պարագայում, դա կարելի է միայն ողջունել։

Նիկոլ Փաշինյանը խոսեց որդու ծառայության և իր մտահոգությունների մասին

Ավագ Փաշինյանն ուզում էր որդու օրինակով ցույց տալ հասարակությանը, որ նա հավատարիմ է իր խոստումներին, և որևէ առավելություններ չեն լինելու ոչ մեկի համար, այդ թվում` իր ընտանիքի անդամների. հենց այդ պատճառով էլ հավաքակայանում ԶԼՄ–ների ներկայացուցիչներ կային։ Նրանք ևս հասարակ մարդիկ են։

Վարչապետը հավաքակայանում մտադրված մի փոքր կողմ էր քաշվել` զրուցելով հիմնականում, պաշտպանության նախարարի և այլ զորակոչիկների հետ։ Այդպիսով Փաշինյանը ցույց տվեց, որ որպես կառավարության ղեկավար նրա համար բոլորը հավասար են։

Այսպես, օրինակ, Աշոտը ճաշարանում նստեց ոչ թե հոր կողքին, այլ մյուս զորակոչիկների։

Անկախ նրանից, որ համացանցում, ԶԼՄ–ների կողմից պետության առաջին դեմքի որդու նկատմամբ նման ուշադրությունը քննադատաբար էր ընդունվել, այդ երևույթին պետք է ըմբռնումով մոտենալ։

Երբ բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների երեխաները բանակ գնան և ծառայեն մյուսների հետ հավասար, ինչպես մամուլի, այնպես էլ հասարակության ուշադրությունը նրանց նկատմամբ կտրուկ կնվազի։

Իսկ մինչ այդ Փաշինյանի և Տոնոյանի որդիների ծառայությունը կլինի հասարակության ուշադրության կենտրոնում։ Նրանք ծառայելու են ոչ թե իրենց, այլև որոշակի առումով նաև իրենց հայրերի հեղինակությունը բարձր պահելու համար։