Նիկոլ Փաշինյանը խոսեց որդու ծառայության և իր մտահոգությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց բանակի խնդիրներին, որդու ծառայությանն ու նախկին պաշտոնյաների զավակների դասալքությանը վերաբերող հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Բանակում հագուստի, կոշիկի, սննդի հարցերը շարունակաբար պետք է բարելավվեն, այսօր որդուն բանակ ճանապարհելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ճաշեց զինվորների հետ ու գոհ մնաց. տեսանյութ

Նրա խոսքով` փոփոխություններ միշտ են արվում։ Բայց կարևոր է, որ փոփոխությունների արդյունքները տեսանելի լինեն ոչ միայն թղթի վրա։

«Դա արվում է ոչ միայն թղթի վրա գրված չափանիշներով, այլև պրակտիկայից եկող ինֆորմացիան ամփոփելով: Նաև զինվորների, սպաների կարծիքներն են հաշվի առնվում, գին-որակ հարաբերակցությունը: Ե՛վ հագուստի, և՛ կոշիկի, և՛ սննդի հարցը պետք է բարելավվի, այստեղ երկրորդ կարծիք չկա»,-հայտարարեց նա։

Ինչ վերաբերում է որդու զորակոչվելուն, Փաշինյանն ասաց, որ հպարտության զգացողություն ունի։

Դիտարկմանը, թե ինչ մտահոգություններ ունի, որ որդին ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում, վարչապետը պատասխանեց.

«Ոչ ավելի, քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը։ Ոչ ավել, ոչ պակաս: Այդ առումով կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի հոգ տանել, քան մյուս զինվորների»,- ասել է Փաշինյանը:

Իսկ նախկինում պաշտոնյաների որդիների դասալքության մասին լուրերը նա չցանկացավ մեկնաբանել` ասելով, որ այդ ամբողջ տեղեկատվությունը հիմա ճշտվում է։ Արդյունքների մասին կլինեն հրապարակումներ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանն այսօր զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Նա նախապես հայտարարել էր, որ դիմում է ներկայացրել Արցախում ծառայությունն անցկացնելու համար։

Առաջիկա օրերին բանակ է զորակոչվելու նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին։