«Նիկոլ Փաշինյանի այս որոշումը և՛ սպասված էր, և՛ ուշացած». Աշոտյան

Աշոտյանին զարմացրել է, որ խորհրդարանից որևէ մեկը ներգրավված չէ այս հանձնաժողովի աշխատանքներում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Լրատվական աղմուկի և օրվա PR-ի մեջ հասարակության ուշադրությունից վրիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշումը 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Ասենք, որ այս որոշումը և՛ սպասված էր, և՛ ուշացած: Խնդրի կարևորության մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցն ուղղել եմ դեռ մայիսի 23-ին»,- գրել է նա:

Նշված համաձայնագիրը անցումային կարգավորումներով ուժի մեջ է մտել հունիսի 1-ից և մեկուկես ամիս անց նրանով զբաղվող միջգերետեսչական հանձնաժողովը վերջապես ձևավորվեց: Փոխվարչապետnերից հանձնաժողովի ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը:

«Կարևորում եմ այս որոշումը թե գործնական, այն է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը թղթերի տրցակից գործողությունների վերածելու, թե քաղաքական՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցի նախաշեմին, տեսակետներից»,- նշել է պատգամավորը:

Ծանոթանալով հանձնաժողովի կազմին՝ Աշոտյանը զարմացել է, որ ի տարբերություն նախորդ նման հանձնաժողովի, որը ղեկավարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և որի կազմում Ազգային Ժողովից ներկայացված է եղել ինքը` Աշոտյանը, որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, այս անգամ խորհրդարանից որևէ մեկը ներգրավված չէ այս աշխատանքներում:

Նա ավելորդ չի համարել հիշեցնել, թե ինչպիսին է խորհրդարանի առաքելությունը այս համաձայնագրի արդյունավետ իրագործման մեջ.

  • ակնկալվող բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների քննարկում և ընդունում
  • խորհրդարանական վերահսկողություն,
  • ԵՄ-Հայաստան խորհրդարանական,
  • գործընկերության հանձնաժողովի ստեղծում,
  • համաձայնագրի լիարժեք և արագ վավերացում և ազգային, և եվրոպական մակարդակներում,
  • հանրային իրազեկում,
  • հասարակության ներգրավում։

«Հուսամ` ստեղծված վիճակը ոչ թե քաղաքական որոշման, այլ նախագիծը մշակող մարդկանց անփորձության և անուշադրության հետևանք է: Եթե այդպես է, ապա այն շտկելի է, եթե ոչ՝ ապա որդեգրված գործելաոճը միայն խաթարելու է արտաքին դաշտում միասնական գործելու կարևորությունը և ջլատելու է ներպետական ներուժը արտաքին քաղաքականության ասպարեզում»,- եզրափակել է Աշոտյանը:

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Ազգային ժողովն այն վավերացրել է ապրիլի 11-ին: Այս համաձայնագիրը գալիս է փոխարինելու 1999 թվականից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» Հայաստանի և ԵՄ-ի միջեւ համաձայնագրին, որի ժամկետը սպառվել է 2009-ին եւ անընդհատ երկարացվում էր: Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որպեսզի չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակներում իրականացվող գործընթացներին։