Նիկոլ Փաշինյանն աշխատանքային օրը սկսեց Ջորկաեֆի հետ հանդիպումով. լուսանկար

ՀՀ վարչապետը հայտնում է, թե ինչի մասին է խոսել աշխարհահռչակ ֆուտբոլիստի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հանդիպել են այսօր առավոտյան։ Փաշինյանն այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում և հրապարակել համատեղ լուսանկարը։

«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով»,- գրել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի` ֆուտբոլիստն ասել է, որ իրեն ոգեշնչել է հայկական հեղափոխությունը և պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին ու հայկական ֆուտբոլին։

Նշենք, որ երեկ` հուլիսի 8-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում անցկացվեց ֆուտբոլային յուրահատուկ հանդիպում. Եվրոպայի լեգենդների հավաքականը մրցեց Հարավային Ամերիկայի լեգենդների հավաքականի հետ:

Հարավային Ամերիկայի ֆուտբոլային լեգենդները, որոնց գլխավորում էր հանրահայտ բրազիլացի հարձակվող Ռոնալդոն, 5:2 հաշվով ջախջախեցին Եվրոպայի լեգենդներին: Յուրի Ջորկաեֆը հանդես եկավ եվրոպացիների թիմում և առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ։