Ճվճըվ Արոյի աներոջ ինքնասպանության գործով հարուցվել է քրեական գործ

Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Քրեական գործ է հարուցվել Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ 2018 թվականի հուլիսի 09-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը:

Ճվճըվ Արոյի աներն ինքնասպան է եղել. դիակը հայտնաբերել են Երևանի կենտրոնում

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Ն.Գաբրիելյանի դին հայտնաբերել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ատրճանակը գտնվել է տուժածի դիակի մոտ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։