ԵԿՄ–ն կզրկվի՞ պաշտպանության նախարարության աջակցությունից. պատասխանում է Տոնոյանը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սպասում է քննության ավարտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Երկրապահ կամավորների միությունը կարևոր գործառույթ է իրականացնում ազգ-բանակ կապի ապահովման համատեքստում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ԵԿՄ-ի խնդրին։

«Եթե ԵԿՄ-ն կարողանա վերակազմակերպվել ու էլ ավելի մասնագիտացված կարողանա աջակցել բանակ-հասարակություն կապին, մենք օրենքի սահմաններում աջակցելու ենք նրանց»,- ասաց նա։

Իսկ աջակցությունը կլինի նյութական ու ֆինանսական, թե ոչ, պարզ կդառնա միայն Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ավարտին։

Տոնոյանի խոսքով` ՊՆ-ն որոշում կայացնելու համար սպասում է քննության ավարտին։

Մանվել Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին. ԵԿՄ–ն հայտարարություն ընդունեց

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Մանվել Գրիգորյանը կալանավորված է։

Նշենք, որ հուլիսի 5-ին ԵԿՄ նիստի ժամանակ վարչության նախագահի պաշտոնում ներկայացվեց ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը: Քննարկվեց նաև ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու հարցը, այն կանցկացվի սեպտեմբերին: