Զորակոչվելու են նախկին պաշտոնյաների ու խոշոր գործարարների զավակները. Տոնոյանը խոստանում է

Նախարարը հայտարարեց` զորակոչվողների մեջ լինելու են նախկինում չծառայածներ, այդ թվում` նախկին պաշտոնյաների ու խոշոր գործարարների զավակներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Մեկ զորակոչիկի նկատմամբ չափազանց մեծ ուշադրությունը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համար ընդունելի չէ։ Նա իր որդու նկատմամբ նման ուշադրություն թույլ չի տալու։ Այսօր Կենտրոնական հավաքակայանում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի որդու զորակոչվելուն, ասաց Տոնոյանը։

Նիկոլ Փաշինյանը խոսեց որդու ծառայության և իր մտահոգությունների մասին

Նախարարը հրաժարվեց պատասխանել հարցին, թե որտեղ կցանկանար, որ ծառայության անցներ որդին։ Տոնոյանն ասաց` ժամանակը կգա, կիմանաք։

Ինչ վերաբերում է զորակոչում կատարված փոփոխություններին, նախարարը խոստացավ` զորակոչվողների մեջ լինելու են նախկինում չծառայածներ, այդ թվում` նախկին պաշտոնյաների ու խոշոր գործարարների զավակներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` հուլիսի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին մեկնում է պարտադիր զինծառայության: Մինչ այդ նա ցանկություն էր հայտնել ծառայությունն անցկացնել Արցախում: Առաջիկա օրերին բանակ կզորակոչվի նաև Տոնոյանի որդին։