Ինչու է Փաշինյանի որդին Արցախն ընտրել. վարչապետի որդու հարցազրույցը` բանակ մեկնելուց առաջ

Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտն արդեն կենտրոնական հավաքակայանում է և սպասում է Արցախ մեկնելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտի համար կարևորը երկրի խաղաղությունն է, որին հասնելու համար ինքն էլ կարող է իր լուման ունենալ։ Այսօր` հուլիսի 9-ին, Հայաստանի զինվորական կենտրոնական հավաքակայանում նա պատասխանեց լրագրողների հարցերին։ «Արագ պատասխանեմ, գնամ, որ հասցնեմ բանակ գնալ, հա՞»,- ժպտալով ասաց նա։

Փաշինյանի որդուն բանակ են ճանապարհում երգ ու պարով

Աշոտը նախապես դիմում է գրել Արցախ մեկնելու համար, բայց միայն վիճակահանությունից հետո պարզ կդառնա, թե կոնկրետ որտեղ կանցնի ծառայությունը։

Ներկայացնում ենք լրագրողների և Աշոտի հարցուպատասխանը:

- Առաջնագի՞ծ ես ուզում գնալ։

— Եթե որոշեն, որ առաջնագծում կարող եմ օգուտ տալ, ուրեմն այնտեղ էլ կգնամ։

- Իսկ ո՞րն է այդ օգուտը` ըստ քեզ։

— Բանակի հզորացումը մեր նպատակն է, որի նպատակն էլ մեր երկրի խաղաղությունն է։

- Առավոտյան տնից դուրս գալիս ի՞նչ խորհուրդներ է տվել վարչապետ Փաշինյանը։

— Անձնական է, չեմ հրապարակի։

- Ինչո՞ւ հենց Արցախ։

— Որովհետև կոնֆլիկտը հենց Արցախի շուրջն է։ Ուզում եմ այնտեղ լինել և այս հարցում աջակցել հայկական կողմին։

- Պաշտոնյաների որդիներից շատերը չեն գնացել ծառայելու։ Քո այս քայլից հետո ինչ-որ բան կփոխվի՞ նրանց մտածողության մեջ։

— Ես կարծում եմ, որ դա այնքան էլ մտածողության խնդիր չէ։ Օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։ Խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և ոմանք փորձել են շրջանցել այն։

Դավիթ Տոնոյանի որդին էլ է բանակում ծառայելու. «Խոշորացույցի տակ կհետևեք»

- Մայրդ ինչպե՞ս է արտահայտում զգացմունքները։

— Ինչպես բոլոր մայրերը։ Բառերով չեմ կարող բացատրել։ Տխրություն կա, բայց հասկանալի է պատճառը։ 18 տարի բոլորս պատրաստ ենք եղել, որ այս օրը գալու է։

- Ովքե՞ր են գալու քեզ ճանապարհելու։

— Պատկերացում չունեմ։

Աշոտ Փաշինյանը նշեց, որ բանակային ծառայության վերաբերյալ որևէ մտահոգություն չունի։ «Սիրած աղջկա չկա՞» հարցին էլ պատասխանեց` ոչ։

Նա ընդգծեց, որ գերադասում է 18 տարեկանում գնալ բանակ, քան հետո։

Վարչապետի որդին Էստոնիայի Տարտուի համալսարանում է սովորում։ Նա կիսատ է թողել ուսումը` հայրենիքի հանդեպ պարտականությունը կատարելու համար։ Վստահ չէ, որ հետո այդ մասնագիտությամբ էլ կշարունակի, բայց վստահ է, որ ուսումն ավարտելուց հետո Հայաստանում է աշխատելու։

Նա նշեց, որ հիանալի տրամադրությամբ է մեկնում ծառայության։