«Ծիրան-2018» բազմազգ տոնը, որն անցկացվեց Մոսկվայի Եկատերինյան զբոսայգում, արդեն հաջորդ տարի կարող է համառուսական դառնալ։
Տոնին որպես հյուր հրավիրված էին Ռուսաստանի հայտնի հայեր` Միխայիլ Գալուստյանը, Ռոման Բաբայանը, Տիգրան Քեոսայանը, Աննա Մելիքյանը, ինչպես նաև մշակույթի և սպորտի այլ հայտնի գործիչներ։
Երաժշտական և պարային համույթները 8 ժամ շարունակ ուրախացնում էին հանդիսատեսին` վառ համարներով, հայկական ազգային երգ ու պարով։
Բացի այդ, զբոսայգում տարբեր թեմատիկ հարթակներ էին ստեղծվել ինչպես երեխաների, այնպես էլ` մեծահասակների համար։ Օրինակ` երեխաները կարող էին խաղալ ծաղրածուների և աճպարարների հետ, իսկ մեծահասակների համար տարբեր մարզական մրցաշարեր էին նախատեսված։ Առավել մեծ իրարանցում առաջացրեց նարդի խաղալը։
Տոնի հյուրերը նաև ազգային ուտեստներ համտեսելու հնարավորություն ունեին։ Մասնավորապես, հայ խոհարարները այցելուների ներկայությամբ լավաշ և խորոված էին պատրաստում։ Իսկ Արևելյան շուկայում տոնակատարության մասնակիցները կարող էին ծիրան, կեռաս, ժենգյալով հաց և գաթա գնել։