ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ալիևը որոշել է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» հաջողությանը հաղորդակից դառնալ։ Կառավարության ընդլայնված նիստում ելույթ ունենալիս նա ասել է, որ Ադրբեջանն իր ներդրումն է ունեցել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հարցում։
«Ուզում եմ ասել, որ մեր դերը ևս կա Հայաստանում Սերժ Սարգսյանի ռեժիմը քաղաքական դաշտից վերացնելու հարցում։ Չեմ ուզում խոսել այդ մասին և ուռճացնել մեր դերը։ Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն», – ասել է նա։
Հարևան նախագահը խոստացել է հետագայում ևս շարունակել Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը։
Ալիևը հույս ունի ազատագրել «ադրբեջանական բռնազավթած բոլոր հողերը»։
«Հայաստանը կարող էր մասնակցել Ադրբեջանի նախաձեռնությամբ իրականացվող նախագծերին: Նրանք, մյուս երկրների նման, կարող էին օգտվել մեր հնարավորություններից, բարելավել իրենց տնտեսական վիճակը, եկամուտ ստանալ։ Սակայն դրա համար պետք է ազատագրել բռնազավթած տարածքները», – ասել է Ալիևը։
Նա նաև լիահույս է, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն կրկնի նախկինի սխալները։
«Հուսով եմ, որ Հայաստանի կառավարությունը չի կրկնի նախկին ղեկավարության սխալները և կառուցողական դիրքորոշում կունենա ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում»։ Այդ դեպքում, Ալիևի համոզմամբ, կհաջողվի լուծում գտնել` «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» համար։
Ըստ «քողարկված հեղափոխականի» Արցախյան հակամարտության կարգավորման համար հայկական զինուժը պետք է դուրս բերվի «Ադրբեջանի տարածքից», ինչպես նաև իրականացվեն ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևերը։
Նա դիմել է Հայաստանի նոր իշխանություններին և ընդգծել սեփական քաղաքականության հաջող լինելը։