15–րդ «Ոսկե ծիրանն» արդեն իրականություն է. ի՞նչ հայտնիներ քայլեցին այս տարվա կարմիր գորգով

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Երևանում 15–րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Sputnik Արմենիայի թղթակցի խոսքով`կինոփառատոնի բացման արարողությանը մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այս տարի կինոփառատոնի բացման արարողությունները տեղի ունեցան 2 տարբեր հարթակներում։ Նախ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ցուցադրվեց բացման` մեր հայրենակից Ռոբեր Գետիկյանի «Լա վիլլա» ֆիլմը։

Կաննի փառատոնն ավարտվեց. Ոսկե արմավենու ճյուղը գտավ այս տարվա տիրոջը

Այնուհետև հյուրերը տեղափոխվեցին Արամ Խաչատրյան համերգասրահ, որտեղ անցան կարմիր գորգի վրայով, ապա տեղի ունեցավ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը։

«15 տարի է Հայաստանում հասունանում է ծիրանը՝ 15 տարի է ինչ ընթանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Արդեն իսկ նոր Հայաստանում հուսով եմ, որ էլ ավելի շատ կնկարահանեն կինեմատոգրաֆիկ գլուխգործոցներ»,– իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կարևորելով փառատոնի դերն ու նշանակությունը մեր երկրի մշակութային կյանքում։

Հայկական համայնապատկերում ընդգրկված ֆիլմերին մրցանակներ կհանձնեն մի շարք հիմնադրամներ և կազմակերպություններ, այդ թվում՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, Կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիան, Հայկական ազգային կինոակադեմիան, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը, «Սոս Սարգսյան» հիմնադրամը:

«Ոսկե Ծիրանի» արտամրցութային ծրագիրը ևս շատ հարուստ է ու խոստումնալից:

1 / 4
«Ոսկե ծիրան» 15–րդ միջազգային կինոփառատոնի բացում
2 / 4
«Ոսկե ծիրան» 15–րդ միջազգային կինոփառատոնի բացում
3 / 4
«Ոսկե ծիրան» 15–րդ միջազգային կինոփառատոնի բացում
4 / 4
«Ոսկե ծիրան» 15–րդ միջազգային կինոփառատոնի բացում

Տարբեր ծրագրերում կցուցադրվեն աշխարհի հեղինակավոր կինոփառատոններում՝ Կաննում, Բեռլինում, Վենետիկում, Ռոտերդամում, Լոկարնոյում մրցանակների արժանացած ֆիլմեր:

Նշենք նաև, որ այս տարի հարգանքի տուրք կմատուցվի հայկական կինոյի մեծանուն կինոռեժիսորներին` Ներսես Հովհաննիսյանին, Ալբերտ Մկրտչյանին և Արա Վահունուն՝ 80-ամյա հոբելյանների կապակցությամբ։ Փառատոնի ավանդույթի համաձայն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն նրանց պատվո աստղերը։

«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը կլինի Դարեն Արոնոֆսկին

«Ոսկե Ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը բոլորի ուշադրությունը սևեռեց այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերի վրա, որոնց թվում են իտալացի հայտնի ռեժիսոր, վավերագրող Ջանֆրանկո Ռոզին, ավստրիացի հանրահայտ ռեժիսոր Ուլրիխ Զայդլը, աշխարհահռչակ կինոօպերատոր Ասղար Ֆարհադի Լարի Սմիթը, և իհարկե` փառատոնի պատվավոր հյուրը` ամերիկացի ռեժիսոր Դարեն Արանովսկին։ Այս տարի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի իրանցի ռեժիսոր, կրկնակի օսկարակիր Ասղար Ֆարհադին։

Բեմ բարձրացած ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մրցանակ շնորհեց պատվավոր հյուրին` Դարեն Արանոֆսկուն, ում 3 ֆիլմերը փառատոնի շրջանակում երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու։ Աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին բեմից ողջունեց բոլորին և ասաց, որ հասցրել է ջրվել, այն էլ 2 անգամ։ Կինոփառատոնի պատվավոր հյուրն այնքան էր սիրել հայկական Վարդավառը, որ իր հետ շշով ջուր էր բերել ու բեմից հայտարարեց. «Ես էլ պատրաստված եկել»։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացմանն իրենց ելույթով հանդես եկան «Հովեր» երգչախումբը և օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հունիսի 8–15–ը, Երևանում և Գյումրիում։

Sputnik Արմենիան ամենօրյա օրագրերի տեսքով կլուսաբանի հայաստանյան կինոփառատոնը։