ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Թաիլանդում մեկնարկել է քարանձավային համալիրում մնացած պատանիների և նրանց մարզիչի փրկարարական աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Հիշեցնենք, որ հունիսի 23-ից երկրի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավային համալիրում թակարդված են 12 պատանի ֆուտբոլիստներ՝ իրենց մարզչի հետ միասին:
13 ջրասուզորդներից ու 5 հմուտ ռազմական լողորդներից բաղկացած թիմը մտել է տեղատարափ անձրևների հետևանքով հեղեղված քարանձավ՝ նպատակ ունենալով հասնել դրա հեռավոր հատվածներում գտնվող 11-16 տարեկան երեխաներին:
Մասնագետների խոսքով՝ հիմա երեխաներին դուրս բերելու լավագույն ժամանակն է, քանի որ քարանձավի ներսում կուտակված ջրի զգալի մասը հաջողվել է դուրս քաշել, ինչը նշանակում է, որ ստորգետնյա համալիրի նեղ միջանցքներն ու անցուղիները տեղ-տեղ այլևս ջրի տակ չեն: