Կգնա արդյո՞ք Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Հայաստանի ինչի՞ն է դա պետք

Եթե հույզերը մի կողմ թողնենք, ապա պարզ կդառնա՝ հայկական կողմի համար զգայուն ոլորտներում Երևանի ու ՆԱՏՕ-ի շահերը երբեք չեն համընկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Աշոտ Սաֆարյան․ Հայաստանի մասնակցությունը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հարցականի տակ է։ Եվ հետաքրքիր է, որ հայկական պատվիրակության ներկայության նպատակահարմարության հարցը բարձրացվում է ինչպես իշխանության, այնպես ընդդիմության կողմից` ի դեմս Հանրապետական կուսակցության։

Հայաստանը ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել

Հիշեցնենք՝ Վայոց Ձոր այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դաշինքի գագաթնաժողովում նրա մասնակցությունը կախված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունից։ Եթե փաստաթղթում արցախյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի համար անընդունելի ձևակերպումներ լինեն, ապա Փաշինյանը չի մեկնի գագաթնաժողովին։

Նման դիրքորոշում իր ֆեյսբուքյան էջում արտահայտել էր ՀՀԿ-ի փոխախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը հաճախ էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին մասնակցելու հրավերներ ստանում, սակայն հազվադեպ էր ընդունում դրանք։ Որպես կանոն՝ սառեցված հակամարտությունների վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշման մեջ գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքը։ Աշոտյանն ասել է, որ արցախյան հակամարտությունը արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտություններից, և մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը։

Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններն ինչ-որ չափով եզակի են, եթե ոչ տարօրինակ։ Հայ խաղաղապահները մասնակցում են դաշինքի հովանու ներքո անցկացվող գործողություններին Աֆղանստանում ու Կոսովոյում։ Ընդունված է համարել, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն զբաղվում է ՀՀ զինված ուժերում ժողովրդավարություն հաստատելով։ Հայ զինվորականները պատրաստվում են դաշինքնի մի շարք անդամ-երկրների բուհերում։ Երևանը նաև ժամանակ առ ժամանակ մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, հիմնականում Վրաստանի տարածքում։

Տոնոյանն առանձին հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ–ի ներկայացուցիչների հետ. ի՞նչ են քննարկել

Միաժամանակ դաշինքը շարունակում է դիտարկել Հարավային Կովկասը որպես Մոսկվայի (Հայաստանի դաշնակցի) հետ առճակատման հարթակ։ Իհարկե,  Բրյուսելը, հրապարակայնորեն չի ստիպում Հայաստանին վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ, կոչ չի անում հանել ռուսական բազան Գյումրիից։ Սակայն հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի դիրքերի հետագա ամրապնդումը հենց նույն Վրաստանում կհանգեցնի իրավիճակի լուրջ ապակայունացմանը, ինչը հիմա ձեռնտու չի ո՛չ Երևանին, ո՛չ էլ Մոսկվային։

Պետք չէ մոռանալ նաև, որ տարածաշրջանում դաշինքի շահերի առաջ տանողը եղել ու մնում է Թուրքիան, որն ինչպես հայտնի է, այդ կազմակերպության մեջ մեծությամբ երկրորդ բանակն ունի։ Անկարան Հայաստանի նկատմամբ բացահայտորեն թշնամական քաղաքականություն է վարում, սահմանը փակ է պահում, արցախյան հակամարտության հարցում Բաքվի դիրքորոշմանն է աջակցում։ Նաև Թուրքիան հարևան Վրաստանի յուրօրինակ լոբբիստ է՝ ՆԱՏՕ մտնելու ձգտման մեջ։ Ու դաշինքում ինտեգրվելու Թբիլիսիի փորձերը փաստացիորեն գցում են Վրաստանին Թուրքիայի գիրկը։

Այսպիսով, հայկական կողմի համար զգայուն ոլորտներում  Երևանի ու ՆԱՏՕ-ի շահերը փաստացիորեն տարբեր են։ Բրյուսելն ակտիվորեն սատարում է Վրաստանում թուրքական էքսպանսիային, փաստացիորեն աջակցում է Ադրբեջանի վատահամբավ «տարածքային ամբողջականությանը»,  դաշինքի առանձին անդամներն ակտիվորեն զինում են Սիրիայում գործող ահաբեկիչներին։ Այդ ֆոնին մասնակցությունը տարատեսակ բրյուսելյան նախագծերում լուրջ կասկածներ է առաջացնում, ու դատելով վարչապետի հռետորաբանությունից, նրա մոտ էլ այդ կասկածները կան։