ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Թաիլանդի հյուսիսում գտնվող Կհաո Լուանգ քարանձավում գերի մնացած երեխաներն ու նրանց մարզիչը փրկարարների միջոցով նամակներ են փոխանցել ծնողներին։ Նրանք գրում են, որ շատ են ուզում տուն հասնել և համեղ բան ուտել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
12 պատանի մարզիկների բարեկամներն արդեն երկու շաբաթ է` հերթապահում են ջրհեղեղի մեջ հայտնված քարանձավի մուտքի մոտ։ Երեկ փրկարարները նրանց նամակները հասցրել են երեխաներին։
Պատանի ֆուտբոլիստները նամակները գրել են տարբեր տետրերից պատռած 6 թերթերի վրա. յուրաքանչյուրն իր ձեռագրով մի քանի տողով բարեկամներին հայտնել է իր վիճակի մասին։ Նամակները փոխանցել է փրկարարական գործողություններին մասնակցող ՌԾՈՒ մարտական լողորդների թիմի անդամը։
«Ամեն ինչ լավ է, բոլորս առողջ ենք, մի անհանգստացեք։ Երբ դուրս գանք, անմիջապես տուն ենք ուզում գնալ` տարբեր համեղ կերակուր ուտելու։ Սիրելի ուսուցիչներ, խնդրում ենք, մեզ դեռ շատ տնային աշխատանքներ մի՛ հանձնարարեք», — գրել են երեխաներն իրենց ծնողներին և ուսուցիչներին։
Պատանիների թիմի մարզիչ Էկկապոլ Չանտավունգը նույնպես նամակ է ուղարկել իր աշակերտների ծնողներին։ Նա ներողություն է խնդրել և շնորհակալություն հայտնել աջակցության համար, ինչպես նաև պատմել երեխաների վիճակի մասին։
Նշենք, որ Թաիլանդում հասարակության մի մասը կարծում է, որ մարզիչն անպատասխանատու վերաբերմունք է դրսևորել` երեխաներին անձրևների սեզոնին քարանձավ տանելով։
«Բոլոր երեխաները նորմալ վիճակում են։ Խոստանում եմ առավելագույնս հոգ տանել նրանց մասին», — գրել է մարզիչը։
Երեխաներին և նրանց մարզչին տարհանելու գործողությունները կսկսվեն առաջիկայում։ Այժմ փրկարարները ջուրը հանում են քարանձավից և թթվածին մղում, որպեսզի երեխաները շնչահեղձ չլինեն։
Հիշեցնենք, որ մարզիչն ու 12 դեռահասները փակված են մնացել Թաիլանդի Կհաո Լուանգ քարանձավում դեռ հունիսի 23-ին։ Երեխաներին հայտնաբերել է ջրասուզակներից մեկը։ Իրավիճակը բարդանում է անդադար լցվող ջրի և թթվածնի պակասի պատճառով։
Կամավոր ջրասուզակներից մեկի (Թաիլանդի ՌԾՈՒ նախկին մարտական լողորդ) մահվան պատճառով երեխաներին փրկելու գործողությունները հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը հետաձգվել են։