ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի- Sputnik. Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումը կլինի շատ ավելի շուտ, քան այս տարվա ընթացքում, ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Հեռանկար» քաղաքական-հասարակական վերլուծական ծրագրի հաղորդավար Արամ Աբրահամյանի հետ զրույցում։
Նա նշել է, որ հունիսի 22-ին Մինսկում Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո Էլմար Մամեդյարովի հետ հանդիպում չի եղել։
«Չեն կարող լինել բանակցություններ, որոնց մասին հասարակությունը չիմանա»,- շեշտել է արտգործնախարարը։
Միաժամանակ նա նշել է, որ բանակցություններ կլինեն, որովհետև Հայաստանի համար շատ էական է և՛ դինամիկան պահպանել, և՛ ժամանակացույց ունենալ շարունակության։
«Դրա մասին մենք շատ շուտով կհայտնենք․ այո, նախատեսվում է և մոտ ժամանակներս»,- ասելէ նա` ավելացնելով, որ հանդիպումը կլինի շատ ավելի շուտ, քան այս տարվա ընթացքում։
Մնացականյանի խոսքով` Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը լավագույնս է արտահայտում այն անհրաժեշտ ֆորմատը, որի մեջ հնարավոր է պահպանել դինամիկան և շարժվել խաղաղ ճանապարհով հարցի կարգավորմանը։
«Մենք ողջունել և ողջունում ենք այս ֆորմատը։ Եվ աշխատում ենք այդ ֆորմատի շրջանակներում՝ երեք համանախագահների»,- ասել է նա։
Ըստ Մնացականյանի` համանախագահներն իրենց գործառույթները կատարում են բավական լավ։