Փաշինյանը շտապ իր մոտ է հրավիրել ՀՀ ռազմական տեսուչի տեղակալին

Արզումանյանը պետք է բացատրություններ տա վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։ Sputnik Արմենիային այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի, ասաց Արման Եղոյանը ի պատասխան մեր թղթակցի այն հարցի, թե ինչպիսին է վարչապետի դիրքորոշումը՝ ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի՝ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելու նշանների։

Այսօր` հուլիսի 7-ին, «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, նրանք շեշտել են, որ իրենց աջակցում է նաև գեներալ Միքայել Արզումանյանը։ Նախաձեռնող խումբը նաև գեներալի հետ արված լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։