Գեներալ Մանվելի կինը զանգել է ոստիկանություն. նրանց գառները գողանում են

Գեներալ Մանվել Գրիգորյանի մանր եղջերավոր անասունները պահող հովիվն ավազակային հարձակման է ենթարկվել, կան բերման ենթարկվածներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, զանգել է ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարից գողանում են իրեն պատկանող գառները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Խազալ Հասանյանը և հայտնել, որ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Գառնի վարչական շրջանի սարերում իր տնակի մոտ են եկել «Նիվա» և «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որտեղ գտնվող անձինք եղել են դիմակավորված, իսկ «Նիվայի» վարորդի ձեռքին էլ եղել է կացին:

Հասանյանը հայտնել է, որ կացինով զինված անձը սպառնացել է, որ աղմուկ չհանի, հակառակ դեպքում՝ առանց աչք թարթելու, իրեն կկացնահարի, որից հետո սկսել են հափշտակել գառները:

Ձուկ բռնելիս մահացել է ԱԺ նախկին պատգամավորի ազգականը

Այդ ամենից հետո նրանք փորձել են դիմել փախուստի և ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել մի քանի գառներ և ոչխարներ:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 52-ամյա Անդրանիկ Դոդորյանին: Պարզվել է, որ Ա. Դոդորյանը ավազակային հարձակումը կատարել է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներ, 48-ամյա Արտավազդ Ղազարյանի, 49-ամյա Ներսես Խաչատրյանի, Երևանի բնակիչ, 39-ամյա Գարի Ավետիսովի և Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 44-ամյա Արթուր Մնացականյանի հետ:

Ա. Ղազարյանը և Ն. Խաչատրյանը հայտնաբերվել և բերման են ենթարկվել քննչական բաժին, որտեղ քննիչը նրանց լսելուց հետո նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ բնակության չհեռանալու պայմանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գ. Ավետիսովին և Ա. Մնացականյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննիչը որոշում է կայացրել որպես տուժող ճանաչել Էջմիածին քաղաքի բնակիչ Նազիկ Ամիրյանին, որը վերջերս կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի կինն է, նա քննիչին հայտնել է, որ այս պահին չի կարող հայտնել, թե քանի գլուխ անասուն է հափշտակվել և քանի գլուխ սատկել վրաերթի հետևանքով:

Դոդորյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է. նա նախկինում մի քանի անգամ դատված է եղել: